Նորություններ
01.04.2023
Փոքրիկ «սենսացիա» Երեւանի բնակարանների պաշտոնական գներում
Հայաստանի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրապարակած բնակարանների հերթական գներն առաջին հայացքից ոչնչով չեն տարբերվում նախորդ տվյալներից: Սակայն դրանք կարելի է «սենսացիոն» համարել, քանի որ երկար ժամանակից ի վեր առաջին անգամ պաշտոնապես գների անկում է գրանցվել:
Բանն այն է, որ ի տարբերություն նախորդ տարվա դեկտեմբերի՝ հունվարին 1 քառակուսի մետրի գները նվազել են, 50 կամ 100 դրամով՝ 1 քառ. մետրի համար: Անփոփոխ են միայն երեք թաղամասերի՝ Կենտրոնի, Արաբկիրի եւ Նուբարաշենի բնակարանների գները:
Ըստ էության, սա «աննախադեպ» է տեղեկատվության պաշտոնական աղբյուրի համար: Համեմատության համար նշենք. անցյալ տարվա հունվարին, ի տարբերություն նախորդ տարվա դեկտեմբերի, պաշտոնական գները չեն նվազել: Հակառակը, մայրաքաղաքի վարչական 11 շրջաններից 3-ում նույնիսկ աճ է գրանցվել (Քանաքեռ-Զեյթուն, Դավիթաշեն, Նուբարաշեն):
Իսկ ի՞նչն է գերատեսչությանը ստիպել շեղվել «գների աճի» հստակ կուրսից: Ամենայն հավանականությամբ, Հայաստանում դոլարի կտրուկ ամրապնդման հետ կապված ավելի վաղ նշված պարադոքսը: Հիշեցնենք, որ անցյալ տարվա վերջին ամսին դրամով արտահայտված բնակարանների գները գրեթե չեն փոխվել:
Սակայն դոլարով հաշվարկելու դեպքում ստացվում է, որ բնակարանների գները գրեթե անկում են ապրել: Այսպես, հաշվետու հունվարին Կենտրոն համայնքի բնակարանների գները տարեկան կտրվածքով նվազել են 151 դոլարով՝ 1 քառ. մետրի դիմաց: Իսկ մեզ մոտ անշարժ գույքի առքուվաճառքի գործարքների մեծ մասը հենց դոլարով է իրականացվում:
Աղյուսակներից առաջինում ներկայացված են 2014 թվականի դեկտեմբերին եւ 2015-ի հունվարին մայրաքաղաքի բնակարանների 1 քառակուսի մետրի պաշտոնական միջին գները՝ դրամով: Երկրորդ աղյուսակում 2014-2015 թվականների հունվարի գներն են՝ ինչպես դրամով, այնպես էլ դոլարով:
Աղբյուրը` http://news.am/:
01.04.2023
Կիևում Յանուկովիչի տան նոր սեփականատերը հայ է
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի տունը վերաձևակերպել են նոր սեփականատիրոջ՝ Արթուր Խաչատուրի Ռոստոմյանի անունով, հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն՝ հղում անելով «Նաշի գրոշի» կայքին: Այդ մասին են վկայում անշարժ գույքի իրավունքների պետական ռեեստրից ստացված տվյալները:
«Առք ու վաճառքի պայմանագիրը կնքվել է 2014 թվականի հոկտեմբերի 2-ին և հաստատված է նոտար Ալյոնա Պետրիցկայայի կողմից: Անցած ձմռանը «Մեժիգորյե»-ում գտնված փաստաթղթերի համաձայն՝ նա որպես նոտար սպասարկել է Մեժիգորյեի խմբի ընկերությունները»,- գրում է պարբերականը:
Պետական գրանցման մասին տեղեկությունները բացակայում են, այսինքն՝ սեփականության վրա կալանք չի դրվել:
Ինչպես գրում են ուկրաինական ԶԼՄ-ները, տան նոր սեփականատերը կապված է նախկին նախագահի որսորդական շրջապատի հետ:
Հիշեցնենք, որ Յանուկովիչը փախել է Ուկրաինայից 2014-ի փետրվարի վերջին երկրում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո։
Աղբյուրը` tert.am:
01.04.2023
Որքան են կազմում բնակարանների գները Երևանում
2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 155812 գործարք, որոնց քանակը, 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 13.2 %-ով, ինչպես վկայում է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հրապարակած վերլուծությունը: 2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին, անշարժ գույքի նկատմամբ իրականացված 38158 օտարման գործարքների 75.0 %-ը կազմել է առուվաճառքը, 24.5 %-ը` նվիրատվությունը և 0.5 %-ը` փոխանակությունը: Անշարժ գույքի օտարման 2 գործարքների 41.3 %-ն արձանագրվել է Երևան քաղաքում, իսկ օտարված անշարժ գույքի 39.4 %-ը հանդիսանում են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարաններ: 2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին, 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, անշարժ գույքի օտարման գործարքների քանակն աճել է 8.4 %-ով: 2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Երևան քաղաքում անշարժ գույքի 11692 առուվաճառքի գործարքների 63.2 %-ն արձանագրվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների նկատմամբ: Երևան քաղաքում 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակն աճել է 15.1 %-ով: Գործում են բնակելի շենքերի բնակարանների 1 մակերեսի հաշվարկով հետևյալ շուկայական միջինացված գները.
Երևան քաղաքում 2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 մակերեսի հաշվարկով շուկայական միջին գները, 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 1.0 %-ով: Աղբյուրը` armlur.am:
01.04.2023
Երեւանում ստանդարտ բնակարանների միջին հաշվարկային գները՝ ըստ վարչական շրջանների
Պաշտոնական տվյալների համաձայն, Երեւանում բնակարանների միջին մակերեսներն, ըստ վարչական շրջանների, կտրուկ տարբերվում է: Նվազագույն բնակմակերեսը Ավանում է (50 քմ-ից պակաս), առավելագույնը՝ էլիտար կենտրոնիում (ավելի քան 74 քմ): Սկզբում նշենք, որ 2005-2013 թվականների ընթացքում բնակարանների քանակը (առանց չմասնավորեցված հանրակացարանների) ավելացել է 18,7 հազարով:
Երեւանյան բնակարանների քանակի տեղաշարժերը քննարկելիս պետք է հաշվի առնել մեկ փաստ. «հին» բազմաբնակարան շենքերի մի մասը քանդվել է (դասական օրինակը Հյուսիսային պողոտան է) եւ դրանց տեղում նոր ժամանակակից շենքեր են կառուցվել: Այսինքն հաշվի է առնվում քանդված եւ կրկին կառուցված բնակարանների միջեւ սալդոն:
Բացի այդ, ճշգրտումներ են եղել բնակարանային ֆոնդի բաշխման մեջ՝ ըստ վարչական շրջանների: Իր ազդեցությունն է ունեցել նաեւ մի շարք պետական շինությունների մասնավորեցումը, օրինակ, հանրակացարանների: Դրա արդյունքում մասնավորեցված բնակարանների քանակը նվազել է, սակայն միջին մակերեսի ցուցանիշը նվազել է:
Դրանով է բացատրվում բնակարանների համեմատաբար ոչ մեծ միջին մակերեսը, ասենք, հիշատակվող Ավանի շրջանում: Բնակարանների միջին մակերեսի ցուցանիշի վրա ազդում է նաեւ դրանցում սենյակների թիվը: Այդ առումով առաջատարը Դավիթաշենն է, որի բնակարանային ֆոնդում 3-սենյականոց բնակարանների քանակով ռեկորդակիրն է:
Միջին գին հասկացությունը եւս հարաբերական է: Ասենք, մայրաքաղաքի կենտրոնում էլիտար շենքում ստանդարտ բնակարանի (74 քմ-ից մի փոքր ավելի) հաշվարկային արժեքը կազմում է 78 հազար դոլար: Սա միջին մեծություն է, սակայն մեծ նշանակություն ունի շենքի կոնկրետ դիրքը, հարկայնությունը, քարե կամ պանելային լինելը, բնակարանի վիճակը, 24-ժամյա ջրամատակարարման, գազի, տեխնիկայի (ասենք գազի կաթսա) եւ այլնի առկայությունը:
Առաջարկի որոշ գներ միջին ցուցանիշը գերազանցում են մի քանի անգամ: Մեկ օրինակ. Երեւանի փոքր կենտրոնում 70 քմ տարածքով բնակարանը (այսինքն ստանդարտից մի քիչ փոքր) առաջարկվում է 200 հազար դոլարով: Նույնիսկ հաշվի առնելով ռեալ գնելու դեպքում՝ գնի մի փոքր նվազումը, տարբերությունը բավական մեծ է:
Այս ամենը հաշվի առնելով` ստանդարտ բնակարանի միջին գինը սահմանելու հաշվարկներն ըստ վարչական շրջանների, հարաբերական բնույթ են կրում եւ կարող են միայն որոշակի աստիճանով ցույց տալ դրանց միջեւ տարբերությունները:
Աղբյուրը` news.am:
01.04.2023
Ստեղծվել է "խելացի" մահճակալ, որը կօգնի անքնությամբ տառապողներին
Բրիտանացի մասնագետներն ութ տարվա փորձարկումներից հետո ստեղծել են "խելացի" մահճակալ, որը հատուկ թրթռոցների շնորհիվ օգնում է մարդուն արագ քուն մտնել։
1.660 դոլար արժողությամբ "Բալուգա" մահճակալն ունի թրթռացող ներքնակ, որն անհրաժեշտության դեպքում կարող է նաև մերսում անել։ Ներքնակը բաղկացած է օդով լցված փոքրիկ գնդակներից, որոնք հիանալիորեն հարմարվում են ցանկացած քաշի ու հասակի։
Բացի այդ, մահճակալն ունի ջերմաստիճանի կառավարման համակարգ, որը կարող է տարբեր հատվածներում իջեցնել կամ բարձրացնել ջերմաստիճանը։ Օրինակ, եթե քնողի միայն ոտքերն են սառչում, ապա այն կարող է կարգավորել այդ հատվածի ջերմաստիճանը։
Բացի այդ, այն ունի Wi Fi և Bluetooth կապ, որն ավտոմատ կերպով անջատվում է, երբ մարդը քնում է։
Նորույթը վաճառքի կհանվի 2014թ. նոյեմբերին՝ 20 տարվա երաշխիքով։
Աղբյուրը tert.am:
01.04.2023
Երեւանում բնակարանների շուկայի կազուսները
Ինչպես եւ սպասվում էր, հերթական պաշտոնական տեղեկատվությունը բնակարանների "միջին շուկայական գների" մասին նոր ոչինչ չհաղորդեց: Փետրվարի ցուցանիշները գրեթե նույն մակարդակին էին, ինչպես որ նախորդ ամիսների դեպքում:
Եթե ղեկավարվենք միայն այդ տվյալներով, ապա հնարավորություն չենք ունենա բնակարանների շուկայի զարգացման ինչ-որ միտումներ հայտնաբերել(նույնը նաեւ առանձնատների դեպքում՝ դատելով դրանց գրեթե միեւյնուն ցուցանիշներից): Ասենք, մայրաքաղաքի "Կենտրոն" թաղամասում բնակարանների գները դեռ նախորդ տարվանից պահպանվում են 428 հազար դրամի մակարդակի վրա 1 քառակուսի մետրի դիմաց: Ցուցանիշի նման ռեկորդային կայունությունը զարմանք է առաջացնում…
Հաշվի առնենք, որ «կողմնակի գործոններից» բացի, բնակարանների արժեքը սեզոնային բնույթ է կրում: Տարվա ցուրտ եղանակներին բնակարանների պահանջարկը, որպես կանոն, կրճատվում է: Սակայն, դատելով պաշտոնական տվյալներից՝ սա ոչ մի կերպ չի ազդում գների դինամիկայի վրա…
"Կողմնակի ցուցանիշների" շարքից է Հայաստանի համար ճգնաժամային 2009թ.-ից հետո բնակարանների շուկայի լճացումը, դոլար արժույթի ամրապնդումը դրամի նկատմամբ, քաղաքացինեի արտագաղթը: Վերջին գործոնը, օբյեկտիվորեն նպաստելով բնակարանների առաջարկին, նույն կերպ էլ ավելի է խախտում «առաջարկ-պահանջարկի» համահարաբերակցությունն այս շուկայում:
Գաղտնիք չէ, որ շատ քաղաքացիներ բնակարանների եւ առանձնատների առքուվաճառքն իրականացնում են դոլարով: Դրամով գները ընդամենը դոլարային գների ածանցյալն են: Հայկական արժույթի լողացող կուրսի անցնելուց հետո (2008-ի մարտին) անշարժ գույքի շուկայում որոշ ժամանակ հետաքրքիր պատկեր էր նկատվում: Գները դոլարային արտահայտությամբ նույն մակարդակի վրա էին (կամ նույնիսկ նվազել էին), սակայն դամով գները բարձրացել էին: Ուստի գների դինամիկան դրամական արտահայտությամբ կարող էր սխալ կարծիքի հանգեցնել, որ անշարժ գույքի գներն աճել են: Այս պնդման հետ համաձայն չէին շատ ռիելթորական գրասենյակներ, որոնք պնդում էին, որ իրականում գների անկում է տեղի ունեցել:
Կադաստրի պետական կոմիտեն օրինական հիմքերով կարող է մանիպուլացնել գները՝ օգտագործելով ոչ միայն կոնկրետ առքուվաճառքի գները, այլեւ առաջարկի գները: Համենայնդեպս, այդպես է նշված հաշվարկների մեթոդոլոգիայում:
Բոլորը տեղյակ են, որ անշարժ գույք վաճառողները (կամ միջնորդները) հայտարարություններում նշում են ակնհայտորեն բարձր գին, ու պատահական չէ, որ հաճախ հայտարարություններում նշում են «սակարկելի» բառը: Այնպես որ նման թվերի օգտագործումը միջին շուկայական գինը հաշվարկելիս, առնվազն սխալ է:
Աղբյուրը` news.am:
01.04.2023
Գիտնականները պարզել են՝ որ հարկում ապրելն է ավելի ճիշտ
Շենքերի վերին հարկերում ապրելը կարող է ռիսկային լինել առողջության համար: Այս մասին հայտնում է "Ռոսիյսկայա գազետան"՝ վկայակոչելով ամերիկացի գիտնականների հետազոտությունը:
Ըստ այդմ՝ հարմարավետ կենսագործունեության համար հարկավոր է մագնիսական դաշտի որոշակի մակարդակ, որն իր հերթին պայմանավորված է բարձրություններով:
Դաշտի նվազումը որոշակի բարձրությունում լրացուցիչ ծանրաբեռնում է մարդու իմունային, նյարդային և սիրտ-անոթային համակարգերը: Դրանով պայմանավորված՝ ամենաօպտիմալ տարբերակը 7-րդ հարկից բարձր հարկերում չբնակվելն է:
Գիտնականները պարզել են նաև, որ մագնիսական դաշտի վրա իրենց հերթին ազդում են նաև տարբեր շինանյութերը: Պարզվել է, օրինակ, որ բետոնե պատերի դեպքում մագնիսական դաշտի ազդեցությունը թուլանոմ է 10 տոկոսով, աղյուսի դեպքում՝ 7, իսկ փայտանյութի դեպքում՝ ընդամենը 1 տոկոսով, ուստի բնակության համար ամենահարմար տներն էլ փայտյա տներն են: Աղբյուրը` tert.am:
01.04.2023
Ֆրանսիայում մտադիր են ծառի տեսքով բնակելի շենք կառուցել՝ ճյուղերի պես բացվող պատշգամբներով
Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում մտադիր են նոր հսկայական բնակելի շենքի նախագիծ կյանքի կոչել, որն իրենից ծառի տեսք ունեցող հսկայական կառույց է ներկայացնում՝ ճյուղերի պես բացվող պատուհաններով:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը՝ "Սպիտակ ծառ" (L’Arbre Blanc) անվանումն ստացած 17 հարկանի կառույցը մարմնավորում է 21-րդ դարի ճարտարապետական բոլոր հնարավորությունները: Նախագիծն ստեղծել են՝ ոգեշնչվելով սաղարթախիտ ծառի օրինակով:
Անվերջ աստիճանահարթակներով պատշգամբները ծառի ճյուղերի տեսք են ստանալու՝ վեր բարձրանալով ծառաբնի նմանվող հիմնահարթակից, ինչպես աճում են ծառերի ճյուղերը:
56 մետր բարձրություն ունեցող ինքնատիպ կառույցը կներառի 120 բնակարանային և գրասենյակային տարածք, ինչպես նաև՝ ռեստորան, բար և պատկերասրահ: Ռեստորանի և պատկերասրահի հյուրերը հնարավորություն կունենան վայելել աշտարակից դեպի ծովափ և լեռնալանջեր բացվող գեղեցիկ համայնապատկերը: Աղբյուրը` tert.am:
01.04.2023
Օրական 135 դոլար` Օբամայի ուսանողական տարիների վարձակալած բնակարանի համար
Oren ընկերությունը օրական 135 դոլարով վարձակալության է հանձնում մի բնակարան, որտեղ ուսանողական տարիներին բնակվել է ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման:
Ինչպես տեղեկացնում է Daily Mail պարբերականը` բնակարանը 2 սենյականոց է: ԱՄՆ նախագահն այդ տան մասին հիշատակել է իր "Dreams from My Father" հուշագիր-գրքի մեջ: Աղբյուրը emedia.am:
01.04.2023
Վիկտոր Յանուկովիչը Մերձմոսկվայում առանձնատուն է գնե՞լ հայ գործարարից
Ուկրաինական լրատվամիջոցների տեղեկություններով, Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը իր ուկրաինական "Մեժիգորյե" նստավայրից զրկվելուց հետո որոշել է հիմնավորվել Ռուսաստանում:
Հաղորդվում է, որ նա փետրվարի 26-ին Մերձմոսկվայում առանձնատուն է գնել 52 մլն դոլարով: "Մայենդորֆի այգիներ" քոթեջային ավանը այն քիչ տեղերից է, որ ամբողջությամբ համապատասխանում է Luxury դասին:
"Կանաչների դաշինք-Ժողովրդական կուսակցության" կենտրոնական խորհրդի նախագահ Օլեգ Միտվոլի խոսքով, ավանի հնաբնակներից մեկից հաջողվել է պարզել, որ առանձնատան նախկին տերը հայազգի գործարար է եղել: Քանի որ գործարքի գրանցումը դեռ ամբողջությամբ չի ավարտվել, տան փաստաթղթերը դեռ ձեւակերպված են նրա անունով:
Առանձնատան մակերեսը կազմում է 2822,8 քառ. Մետր, իսկ հողատարածքի մակերեսը՝ մոտ 2 հեկտար է, որի վրա դարավոր սոճինե են տնկված: Հարեւանությամբ լճակ կա:
Ավան պաշտպանությունն իրականացնում է արհեստավարժ ծառայությունը: Այնտեղ տները հասնում են մինչեւ 100 մլն դոլարի: Յանուկովիչի անմիջական հարեւանը Լեյլա Ալիեւան է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ավագ դուստրը: Իլհամ Ալիեւն ինքն էլ առանձնատուն ունի այնտեղ:
Ավանում են ապրում Ալեքսանդր Ժուկովը, Կրիստիան Օրբակայտեի նախկին ամուսին Ռուսլան Բայսարովը, "Ռոսնեֆտի" նախկին նախագահ Սերգեյ Բոգդանչիկովի եւ Արա Աբրահամյանի ընտանիքները: Այստեղ է գտնվում նաեւ տիեզերանավի տեսքով տունը, որ Վլադիսլավ Դորոնինը նվիրել է Նաոմի Քեմփբելին՝ որպես փոխհատուցում չկայացած ամուսնության համար: Աղբյուրը` news.am:
01.04.2023
Աշխարհի ամենանեղ տունը
Լեհաստանի աղմկոտ Վարշավա քաղաքի կենտրոնում կա մի թաքնված գաղտնիք՝ երկու շենքերի արանքում, որ դժվար է նկատել: Այս "արտ ինստալացիան" լեհ ճարտարապետ Ջակուբ Սչեսնիի կառուցած տունն է: Նա ցանկանում էր մի բան ստեղծել երկու հին շենքերի միջև գտնվող նրբանցքում: Նա անսպասելիորեն և հիանալի ձևով վերափոխել է այդ տարածքը: Ջակուբը և Չենտրալա կոչվող դիզայներների խումբը այդ նրբանցքում կառուցել են աշխարհի ամենանեղ տունը, գրում է viralnova.com-ը:
Շատ անցորդներ կարող են չնկատել այս նեղ տունը, չնայած այն աստիճանաբար դառնում է զբոսաշրջային հայտնի վայր: Այն կոչվում է Քերեթ տուն: Ամենալայն հատվածում այն 50 դյույմից քիչ լայնություն ունի: Ջակուբն այն կառուցել է որպես ճանապարհորդող գրողների համար ժամանակավոր տուն: Նա հաշվարկել է, որ ցանկացած մեկը, ով մնա այդտեղ, երկար չի մնա տան փոքր չափսի պատճառով: "Պետք է հումորի զգացում ունենալ, որովհետև երկար նման վայրում չեք կարող գտնվել"- ասել է Սչեսնին: Տան մեջ տեղաշարժվելու համար անհրաժեշտ է օգտվել աստիճաններից:
Աղբյուրը` tert.am:
01.04.2023
Ծալովի զուգարանը տարեկան 10.000 լ ջուր է խնայում
Բրիտանացի ուսանողներ Գարեթ Համֆրիսն ու Էլիոթ Ուայթլին ստեղծել են աշխարհում առաջին ծալովի զուգարանը, որը խնայում է լողասենյակի տարածքը, ինչպես նաև տարեկան 10.000 լ ջուր՝ 1 անձի համար։
Ինչպես նշում է Daily Mail-ը, Iota կոչվող կոնցեպտն ունի ջրային այնպիսի համակարգ, որն ի տարբերություն սովորական զուգարանի (6լ), ամեն անգամ օգտագործում է ընդամենը 2.5 լ ջուր։
Ջուրը քաշելուց հետո զուգարանն ավտոմատ կերպով մաքրում է օդն ու զուգարանակոնքն ախտահանում։ Բացի այդ, այն շատ հերմետիկ է փակվում։ Աղբյուրը tert.am:
01.04.2023
Յանուկովիչի Մեժիգորյեի տանը գաղտնի սենյակներ են հայտնաբերվել
Ուկրաինայի պաշտոնանկ նախագահ Վիկտոր Յանուկովիչի՝ Մեժիգորյեում գտնվող տներից մեկում 3 սենյակ է հայտնաբերվել, որոնք կալվածքի առաջին ուսումնասիրությունների ժամանակ չէին նկատվել, գրում է segodnya.ua-ն։
Ինչպես պատմում են ակտիվիստները, հայտնաբերվել են կամ նվերներ, կամ գանձեր. օրինակ՝ կուժ, որը, հավանաբար, պատկանում է տրիպոլյան մշակույթին, վիմագրություններ, բազմաթիվ հին իրեր, մրցանակներ և տիեզերագնացի ոսկեզօծ արձան։
"Բացի այդ, մենք էլի սենյակներ ենք հայտնաբերել, պարզապես չենք հասցնում ուսումնասիրել։ Աստիճանաբար այդ սենյակները կուսումնասիրի ակտիվիստների, թանգարանագետների և, հնարավոր է, իրավապահների հանձնաժողովը"- նշել է ակտիվիստներից մեկը։
Նրա գործընկերը պատմել է, որ ակտիվիստները նախկին նախագահի տանը ստորգետնյա ճանապարհներ են փնտրում։ "Մենք դեռևս շատ բան չգիտենք Մեժիգորյեի մասին։ Օրինակ՝ պետք է ինչ-որ տեղ գտնվեն ստորգետնյա ճանապարհներ, մենք փնտրում ենք դրանք։ Հնարավոր չէ, որ չլինեն։ Գտնում ենք բանալիներ, սակայն չգիտենք, թե որ շինությունների բանալիներն են։ Կարող եմ ասել, որ մենք դեռ չենք տեղաշարժել պահարանները, չի բացառվում, որ դրանք կարող են քողարկված դռներ լինել",- նշել է ակտիվիստը։
Մեժիգորյեում աշխատող ակտիվիստները խոստանում են հայտնաբերված իրերը փոխանցել թանգարաններին։ Աղբյուրը՝ tert.am:
01.04.2023
Ճգնաժամի պատճառով Վերսալը կարող է վերածվել էլիտար հյուրանոցի
Եվրոպան պատուհասած ֆինանսական ճգնաժամն անողոք է անգամ եվրոպական երկրների մշակութային կարևոր ժառանգության հանդեպ։ Պետությունները բավարար ֆինանսական միջոցներ չունեն տարեկան հազարավոր զբոսաշրջիկների գրավող պատմական հուշարձանները պահպանելու համար։
Ինչպես նշում է Euromag-ը, Ֆրանսիայի իշխանությունները մտադիր են իր շքեղ դահլիճներով ու անզուգական պարտեզներով հայտնի Վերսալը վերածել էլիտար հյուրանոցի։
Ըստ կայքի՝ այս գաղափարը թեև անհավանական է հնչում, այնուհանդերձ դա հնարավորություն կտա երկրի պատմական ժառանգության մաս կազմող օբյեկտը փրկել փլուզումից։
Աղբյուրը հավելում է, որ առայսօր Ֆրանսիայի տարածքում գտնվող մի շարք դղյակներ ու կարևոր պատմամշակութային հուշարձաններ արդեն վերածվել են հարուստ զբոսաշրջիկների համար նախատեսված հյուրանոցների, որտեղ մի գիշեր անցկացնելու համար հարկավոր է վճարել հազարավոր եվրոներ։
Վերսալի կառուցումը սկսվել է 1661թ.՝ Լյուդովիկոս 14-րդի նախաձեռնությամբ։ Աղբյուրը` tert.am:
01.04.2023
Ֆրանսիայում 2 մլն եվրոյանոց տունը վաճառվում է 10 եվրոյով
Ֆրանսիայում հնարավոր է 2 մլն եվրո արժողությամբ շքեղ առանձնատան սեփականատեր դառնալ՝ ծախսելով ընդամենը 10 եվրո։ Ինչպես հայտնում է Euromag-ը, դրա համար հարկավոր է 10 եվրո վճարել ու մասնակցել մի մրցույթի, որի հաղթողը կստանա 520 քմ մակերեսով եռահարկ տուն։
Ցանկալի նվերը ստանալու համար հաղթողը մյուս մասնակիցներին պետք է գերազանցի իր տրամաբանությամբ ու հնարամտությամբ։ Հաղորդվում է, որ տան համար մղվող ինտելեկտուալ պայքարին կմասնակցի 200.000 մարդ։
Կայքը հավելում է, որ ուշագրավ մրցույթը կազմակերպել է հենց տանտիրուհին, ում խոսքով՝ 200.000 մասնակիցներից ամեն մեկից 10 եվրո վերցնելով ինքը կստանա անհրաժեշտ 2 մլն եվրոն։ Աղբյուրը` tert.am:
01.04.2023
Ամերիկացին 35000 դոլար է ծախսել տունը իր 18 կատուների համար դրախտավայր դարձնելու համար
Ամերիկացին, ով կենդանիների սիրահար է և 18 կատու է պահում, իր տունը վերածել է իրական դրախտավայրի իր սիրելի կենդանիների համար, գրում է Daily Mail-ը:
Ամերիկացին Կալիֆորնիայի Գոլետա քաղաքում գտնվող գտնվող տան դիզայնը վերափոխել է՝ այն համալրելով գունավոր զբոսուղիներով, աստիճանահարթակներով և թունելներով, որոնք տանում են դեպի կատուների համար նախատեսված խաղահրապարակները: Այս ամենի համար զվարճասեր ամերիկացին ծախսել է 35000 դոլար:
Բացի այդ, նա նոր օդափոխության համակարգ է տեղադրել տանը, որպեսզի բավարար չափով կապահովի օդի թարմություն, որն անհրաժեշտ է այնպիսի տանը, որտեղ այդքան շատ կենդանիներ են բնակվում:
Տան տարածքում տեղադրված է նաև կատվի քարե արձան և կենդանական թեմայով բազմաթիվ արվեստի գործեր: Աղբյուրը` tert.am:
01.04.2023
Շրի Լանկայում կկառուցեն ամենախոշոր ուղղահայաց այգին
Շրի Լանկայի վարչական մայրաքաղաք Շրի Ջայավարդենեպուրա Կոտեում 2016-ին կհայտնվի աշխարհում ամենախոշոր ուղղահայաց այգին, որի դերում հանդես կգա Clearpoint Residencies բնակարանային համալիրը, գրում է Вести-ն։
Շենքը կհամապատասխանեցվի բոլոր էկոլոգիական պահանջներին. էլեկտրաէներգիայի համար պատասխանատու կլինեն արևային մարտկոցները, ջրի համար՝ կեղտաջրերի վերամշակման համակարգը, իսկ մաքուր օդը կապահովեն անվերջանալի այգիները և անմիջապես պատերի վրա աճող թմբերը։
Շինարարությունը սկսվել է 2013-ին և կավարտվի 2 տարի անց։ Դեռևս հայտնի է, որ շենքը կունենա 46 հարկ և 1986 մ բարձրություն, սակայն ավարտի պահին բարձրությունը կարող է ավելանալ։ Համաձայն նախագծի՝ շենքում կլինի 164 բնակարան, որոնցից յուրաքանչյուրը կունենա 213 քմ տարածք։
"Մեր նախագծի հիմնական նպատակը բնակտարածք կառուցելն է, որտեղ մարդիկ կկարողանան ոչ միայն ձուլվել շրջակա միջավայրին, այլև նպաստել դրա պահպանմանը»"- ասել է Clearpoint Residencies-ի գլխավոր ճարտարապետ Միլրոյ Պերերան։ Աղբյուրը` tert.am:
01.04.2023
Վաճառքի է հանվել Ալ Կապոնեի առանձնատունը
Ամերիկյան մաֆիայի հայտնի պարագլուխներից մեկի՝ Ալ Կապոնեների առանձնատունը վաճառվում է 8.5 միլիոն դոլարով:
Այս առանձնատան ներկայիս սեփականատեր Էնթոնի Պանեբիանկոն այն ձեռք էր բերել մեկ տարի առաջ 7.4 միլիոն դոլարով: Իսկ այժմ Էնթոնին ակնկալում է այդ առանձնատան վաճառքից ստանալ 1.1 միլիոն եկամուտ:
Ալ Կապոնեի առանձնատունը կառուցվել է 92 տարի առաջ, իսկ որպես օրինական սեփականատեր Կապոնեն դարձել է 1928թ.-ին՝ ընդհանուր առմամբ ծախսելով 40 հազար դոլար:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում "չոր օրենքի" ժամանակահատվածում հանցավոր խմբավորումները հիմնականում հավաքվում էին Մայամիում և զբաղվում էին ալկոհոլի վաճառքով, ինչն արգելված էր:
Ալ Կապոնեի այս շքեղ առանձնատունն ունի 930 քմ. Տարածք, ներքին հարդարումը իսպանական ոճով է, ունի 7 սենյակ՝ բաղնիքներով, իսկ ինտերյերը ոսկեպատ է: Արտաքինից այն նման է ամրոցի, ունի նաև պահակային աշտարակ, 1930-ականներին այստեղ անվտանգության նկատառումներով պահակներ էին հսկում:
Նշենք, որ Ալ Կապոնեն մահացել է 1947թ. հենց այս առանձնատանը, Ալկատրաս բանտից վերադառնալուց հետո: Իր մրցակիցներին ոչնչացնելու համար նույնիսկ խուսափեց ոստիկանությունից, քանզի արյունահեղության ոչ մի ապացույցներ չկային, նրա դեմ ոչ մի բողոքներ չեղան: Նա մահացել է 48 տարեկան հասակում: Մինչ 70-ականները նրա ունեցվածքը պատկանում էր հարազատներին ու բարեկամներին, սակայն նրանք որոշեցին վաճառել Delta Airlines ավիաընկերության օդաչու Հենրի Մորիսոնին: Աղբյուրը` life.panorama.am:
01.04.2023
Կորեացիները գերադասում են տների փոխարեն վրաններում ապրել
"Глэмпинг" կամ սնդուսափայլ քեմփինգ արտահայտությունն առաջացել է մի քանի տարի առաջ՝ շրջագայություններ սիրող մարդկանց առօրյայում: Յուրահատուկ վրանները նմանատիպ քեմփինգներում շատ ավելի շքեղ տեսք ունեն, քան սովորական բնակարանները: Այս մասին հաղորդում է РБК-ն: ArchiWorkshop դիզայներական ընկերության կողմից ստեղծված այդ վրանները գտնվում են հարավկորեական քեմփինգներից մեկում: Հատուկ երկշերտ կտորային ծածկույթը բնակիչներին պաշտպանում է անձրևից և ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Յուրաքանչյուր վրանում կա հատուկ պատվերով պատրաստված կահույք և առանձին զուգարան: Պատերը զարդարում են կորեացի արվեստագետների աշխատանքները:
Երեկոյան այստեղ հաճելի է նստել և տաք կամ սառը ըմպելիք վայելել: Մաքուր օդ, բնություն, ապահով ապաստարան. ուրիշ ի՞նչ է պետք մարդուն երջանկության համար: Աղբյուրը` tert.am:
01.04.2023
Աբրամովիչը կարող է դառնալ Նյու Յորքի՝ անշարժ գույքի ամենահարուստ սեփականատերերից մեկը
Ռոման Աբրամովիչի Նյու Յորքի առանձնատունը 75 մլն դոլար արժե ( 2,4 միլիարդ ռուբլի ), այս մասին գրում է The New York Post-ը:
Շքեղ 6 հարկանի առանձնատունը գտնվում է Մենհեթենում: Տունը ունի 22 սենյակ, 8 ննջասենյակ, 15 լոգասենյակ, մեծ խաղասրահ, գրադարան: Տանիքը ամնեաշքեղն ու հարմարավետն է ԱՄՆ-ում,-գրում են թերթերը:
Առանձնատունը անցյալ տարի է հայտնվել շուկայում,արժեքը՝ $ 72 մլն (2.3 միլիարդ ռուբլի )
Առայժմ Աբրամովիչը թանկարժեք անշարժ գույք գնելու պայմանագիր է կնքել, և եթե գործարքը կայանա, նա կդառնա Նյու Յորքի՝ անշարժ գույքի ամենահարուստ սեփականատերերից մեկը: Աղբյուրը` operativ.am:
1
2
3
>>